Բարի գալուստ Հերհերի միջնակարգ դպրոց

Posted by: | Posted on: Հունվարի 31, 2017

Հերհեր գյուղի կրթամշակութային  հիմքերը  դրվել  են  դեռևս  վաղ  միջնադարում: Զաքարյանների  իշխանապետության  շրջանում (12-13-րդ  դարեր)  այն  եղել  է  Օրբելյանների  վասալ  Շահուռնեցիների  նստավայրը: Հերհերում  է  ծնվել  միջնադարի  խոշոր  մտածող, րաբունապետ  Գրիգոր  Տաթևացին (աշխարհիկ  անունը՝  Խութլուշահ): Գյուղից հյուսիս-արևելք  գտնվող  Սուրբ Սիոն  մենաստանը (վանական  համալիր՝  կառուցված  8-13-րդ  դարերում) հռչակված  է  եղել  իր  կրթական  գործունեությամբ: Ըստ  վկայությունների՝  Հերհերի  կրթական  համալիրը  բեղուն  գործունեություն  է  ծավալել՝  լինելով  մեծ  ճանապարհներից  հեռու  և  ամրացված  ժայռի  վրա: Գյուղի տարածքում  բազմաթիվ  են  պատմաճարտարապետական հուշարձանները`  վանքեր, մատուռներ, խաչքարեր ևն, ինչը  վկայում  է, որ  տարբեր  դարերում, կախված  ժամանակի հասարակական-քաղաքական վարիվերումներից, գյուղում  մշակութային  կյանքը, որոշակի  տատանումներով  այդուհանդերձ  պահպանվել  է: Ավելի  ուշ  շրջանում՝  Շահ-Աբասի  արշավանքների  ժամանակ  գյուղը  ենթարկվել  է  տեղահանության, սակայն  գյուղացիների  մի մասը  փրկվել  է  բռնագաղթից՝  ապաստանելով  գյուղից  3 կմ  հյուսիս  գտնվող  քարանձավում:

Նոր ժամանակներում գյուղի սոցիալական կյանքում  լուրջ  փոփոխություններ  են տեղի ունեցել 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից  հետո: Արևելյան  Հայաստանը  Ռուսաստանին  միանալուց  հետո  գյուղ  են  ներգաղթել  Խոյի  ու Սալմաստի  գավառներից: Այդ  պատճառով  գյուղի  բնակչության  մեջ  տարածված  են  եղել  երեք  բարբառ: Խոսվածքում  առավելություն  ունի  «Կըլա»  ճյուղը, որը  Արարատյան  բարբառի  ենթաճյուղ  է: Կրթական կյանքը  պահպանվել է եկեղեցու  շնորհիվ: Գյուղի  տարածքում  է  գտնվում  Ս. Գևորգ  եկեղեցին՝  կառուցված  13-րդ  դարում  Հերհերցի  անանուն  վարպետի  ձեռքով: Եկեղեցին  19-րդ  դարում  երկրաշարժից  ավերվել  է  և  շտապ  վերանորոգվել  է  ձեռքի  տակ  եղած  միջոցներով, այդ  պատճառով  պատերի  մեջ  հայտնվել  են նաև  խաչքարեր:

Հատկապես  նշանակալից է եղել  գյուղի քահանա Տեր-Դավթի դերը: Տեր-Դավթի գերեզմանը գտնվում է Ս.Գևորգ եկեղեցու գավթում: Գյուղում  խորհրդային  կարգեր  հաստատվելուց  հետո ստեղծվել է գյուղի առաջին պետական  դպրոցը` Հերհերի յոթնամյա դպրոցը` 1925թ.: 1939թ  դպրոցը վերաձևավո8վել է որպես միջնակարգ դպրոց: Առաջին շրջանավարտները  թողարկել է 1941թ.: Դպրոցում  տարբեր  տարիներին  սովորել  են  ժողովրդատնտեսական  կյանքի ամենատարբեր բնագավառներում հետագայում  աչքի  ընկած  բազմաթիվ  անձինք`  նկարիչներ, զինվորականներ (այդ թվում`  գեներալներ), բժիշկներ, պատմաբաններ, կուսակցական-պետական  աշխատողներ  և  այլն: